Վերջերս Հայաստան էր ժամանել մանկական պալիատիվ
խնամքի փորձագետ Սյուզան Ֆոուլ-Քերրին (Susan Fowle-Kerry BA (Pysch), BSN, MN,
PhD Full-Professor with Tenure in the College of Nursing, University of
Saskatchewan), ում հետ ինձ հաջողվեց զրուցել պատշաճ ցավազրկմանը վերաբերող խնդիրների
շուրջ: Ներկայացնում եմ զրույցի որոշ հատվածները:
«Ցավազրկման դերը մանկական պալիատիվ խնամքի
մեջ առանցքային է, որը թիվ մեկ առաջնահերթությունն է:
Առաջինը ինչի համար մարդը դիմում է բժշկական
օգության` ցավազրկումն է: Երբ խոսում ենք պալիատիվ խնամքի մասին ապա պետք է նշել, որ
ցավազրկումը այդ խնամաքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է:»
«Ցավի բուժումն իրավունք է, այլ ոչ թե արտոնություն»
«Եթե նայենք աշխարհում օպիոիդների սպառմանը
ըստ մեկ բնակչի, ապա կտեսնենք մեծ անհավասարություն տարբեր երկրների միջև: Սպառման
ծավալներով առաջինն են Սկանդինավական երկրները: Կանադայում սպառումը մի քիչ պակաս է:
Իսկ Հայաստանում օպիոիդների սպառումն աննախադեպ ցածր է:
Կանադայում, ուր դեղամիջոցների հասանելիությունը
բավականին բարձր է, մեծ թվով մարդիկ շարունակում են տառապել ցավից: Դա կապված չէ օպիոիդների
նշանակման բարդույթների հետ: Դա կապված է «նարկոտիկ» դեղամիջոցների նկատմամբ մարդկանց
վախի հետ: Շատ ընտանիքներ վախենում են, որ իրենց հարազատը կդառնա «թմրամոլ»: Այսպիսով,
Կանադայում չկա հասանելիության կամ մատակարարման խնդիր: Կա պացիենտների կողմից ցածր
պահանջարկ: Անհրաժեշտ է կրթել հասարակությանը, որն անհիմն վախեցած է բժշկական նպատակով
նշանակվող նարկոտիկ դեղամիջոցներից:»
«Երեխաների պարագայում խնդիրը ավելի խորն է:
Նախ, հասկանալի պատճառներով, չկան բավարար կլինիկական հետազոտություններ, որոնք կպատասխանեին
անհրաժեշտ և անվտանգ դեղաչափերի մասին հարցին: Երեխաների բուժմանը վերաբերող հարցերը
քննարկելիս պատմականորեն առընչվում ես կոնսերվատիզմի հետ:»
«Նախ, նարկոտիկ բառի փոխարեն մենք օգտագործում
ենք «օպիոիդներ» բառը, որովհետև նարկոտիկ բառը առաջացնում է թյուր պատկերացում այդ
դեղամիջոցների վերաբերյալ: Մարդիկ տեղեկացված չեն, չեն հասկանում, թե ինչպես են գործում
այդ խմբի դեղամիջոցները: Նրանց պատկերացումները ձևավորվել են սարսափ պատմությունների
ազդեցության ներքո:
Պետք է իմանալ, որ ճիշտ հիվանդին նշանակված
ճիշտ դեղամիջոցը ճիշտ դեղաչափով չի առաջացնում թմրամոլություն հիվանդությունը և հանդիսանում
է բժշկական օգնության այն ստանդարտը, որը պետք է ակնկալի ցանկացած անձ:»
«Հայաստանում բժիշկները ցավի բուժումը բավարար
չեն իրականացնում, որովհետև կա այդ հարցի վերաբերյալ կրթության պակաս: Գոյություն ունի
նաև վախ, որ օպիոյդներ նշանակելու դեպքում իրավապահները նրա նկատմամբ հետաքննություն
կսկսեն: Անհրաժեշտ է միաժամանակ կրթել բժիշկներին, բուժքույրերին, իրավապահներին և
հասարակությանը: Իրավապահ մարմինների կրթությունը պետք է բավականին խորացված լինի:
Ես շատ լավ հասկանում եմ այն բժիշկներին, ովքեր չեն իրականացնում ցավի պատշաճ բուժում,
վախենալով իրավապահ մարմինների կողմից հետապնդումներից: Նման երևույթը և վախը պետք
է վերանա:»
«Իմ
համոզմունքն է, որ յուրաքանչյուր անձ, անկախ սեռից և տարիքից, իրավունք ունի ապրել
առանց ցավի: Պատշաճ ցավազրկում չտրամադրելը ես դիտարկում եմ որպես խոշտանգում»: