Friday, July 17, 2015

Ցավի բուժումն իրավունք է, այլ ոչ թե արտոնություն

Վերջերս Հայաստան էր ժամանել մանկական պալիատիվ խնամքի փորձագետ Սյուզան Ֆոուլ-Քերրին (Susan Fowle-Kerry BA (Pysch), BSN, MN, PhD Full-Professor with Tenure in the College of Nursing, University of Saskatchewan), ում հետ ինձ հաջողվեց զրուցել պատշաճ ցավազրկմանը վերաբերող խնդիրների շուրջ: Ներկայացնում եմ զրույցի որոշ հատվածները:
«Ցավազրկման դերը մանկական պալիատիվ խնամքի մեջ առանցքային է, որը թիվ մեկ առաջնահերթությունն է:
Առաջինը ինչի համար մարդը դիմում է բժշկական օգության` ցավազրկումն է: Երբ խոսում ենք պալիատիվ խնամքի մասին ապա պետք է նշել, որ ցավազրկումը այդ խնամաքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է:»
«Ցավի բուժումն իրավունք է, այլ ոչ թե արտոնություն»
«Եթե նայենք աշխարհում օպիոիդների սպառմանը ըստ մեկ բնակչի, ապա կտեսնենք մեծ անհավասարություն տարբեր երկրների միջև: Սպառման ծավալներով առաջինն են Սկանդինավական երկրները: Կանադայում սպառումը մի քիչ պակաս է: Իսկ Հայաստանում օպիոիդների սպառումն աննախադեպ ցածր է:
Կանադայում, ուր դեղամիջոցների հասանելիությունը բավականին բարձր է, մեծ թվով մարդիկ շարունակում են տառապել ցավից: Դա կապված չէ օպիոիդների նշանակման բարդույթների հետ: Դա կապված է «նարկոտիկ» դեղամիջոցների նկատմամբ մարդկանց վախի հետ: Շատ ընտանիքներ վախենում են, որ իրենց հարազատը կդառնա «թմրամոլ»: Այսպիսով, Կանադայում չկա հասանելիության կամ մատակարարման խնդիր: Կա պացիենտների կողմից ցածր պահանջարկ: Անհրաժեշտ է կրթել հասարակությանը, որն անհիմն վախեցած է բժշկական նպատակով նշանակվող նարկոտիկ դեղամիջոցներից:»
«Երեխաների պարագայում խնդիրը ավելի խորն է: Նախ, հասկանալի պատճառներով, չկան բավարար կլինիկական հետազոտություններ, որոնք կպատասխանեին անհրաժեշտ և անվտանգ դեղաչափերի մասին հարցին: Երեխաների բուժմանը վերաբերող հարցերը քննարկելիս պատմականորեն առընչվում ես կոնսերվատիզմի հետ:»
«Նախ, նարկոտիկ բառի փոխարեն մենք օգտագործում ենք «օպիոիդներ» բառը, որովհետև նարկոտիկ բառը առաջացնում է թյուր պատկերացում այդ դեղամիջոցների վերաբերյալ: Մարդիկ տեղեկացված չեն, չեն հասկանում, թե ինչպես են գործում այդ խմբի դեղամիջոցները: Նրանց պատկերացումները ձևավորվել են սարսափ պատմությունների ազդեցության ներքո:
Պետք է իմանալ, որ ճիշտ հիվանդին նշանակված ճիշտ դեղամիջոցը ճիշտ դեղաչափով չի առաջացնում թմրամոլություն հիվանդությունը և հանդիսանում է բժշկական օգնության այն ստանդարտը, որը պետք է ակնկալի ցանկացած անձ:»
«Հայաստանում բժիշկները ցավի բուժումը բավարար չեն իրականացնում, որովհետև կա այդ հարցի վերաբերյալ կրթության պակաս: Գոյություն ունի նաև վախ, որ օպիոյդներ նշանակելու դեպքում իրավապահները նրա նկատմամբ հետաքննություն կսկսեն: Անհրաժեշտ է միաժամանակ կրթել բժիշկներին, բուժքույրերին, իրավապահներին և հասարակությանը: Իրավապահ մարմինների կրթությունը պետք է բավականին խորացված լինի: Ես շատ լավ հասկանում եմ այն բժիշկներին, ովքեր չեն իրականացնում ցավի պատշաճ բուժում, վախենալով իրավապահ մարմինների կողմից հետապնդումներից: Նման երևույթը և վախը պետք է վերանա:»
«Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր անձ, անկախ սեռից և տարիքից, իրավունք ունի ապրել առանց ցավի: Պատշաճ ցավազրկում չտրամադրելը ես դիտարկում եմ որպես խոշտանգում»:

No comments:

Post a Comment