Tuesday, February 23, 2016

Կրկին ցավազրկման մասին

Վերջերս ցավազրկման խնդրով մեզ դիմած շահառուների անկետաների մի փոքր վերլուծություն իրականացրեցի և մի քանի հետաքրքիր, բայց շատ տխուր, փաստեր ու օրինաչափություններ նկատեցի։ Մեր երկրում պատշաճ ցավազրկում չստանալու պատճառները բազմազան են։ Յուրաքանչյուրն արժանի է առանձին վեպի։ Այս անգամ ներկայացնեմ դրանցից մեկը, մյուսների մասին կգրեմ այլ գրառումներում։ 
Ամենատպավորիչ և ցավալի դեպքը կապված էր 15 տարեկան պատանու հետ, ով ուներ սաստիկ ցավեր, ցավի գնահատման 10 բալանի սանդղակով 10, բայց չէր ստանում պատշաճ ցավազրկում, որովհետև վերջնական ախտորոշում դեռ չուներ։ Հայաստանում քրոնիկ ցավի բուժման համար ափիոնային ցավազրկողներ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հիմնական հիվանդությունը չարորակ ուռուցքն է։
Այլ հիվանդություններով տառապող, կամ չհաստատված ախտորոշումով մարդիկ կարող են միայն երազել պատշաճ ցավազրկման մասին։ 
Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել այդ երեխայի ծնողների վիճակը։ Չեմ ուզում, բայց ակամայիս ստացվում է։ 
Լացս գալիսա։
Բայց լացով բան չի փոխվի։ Մեր երկիրը պետք է առաջ շարժվի, որդեգրի քաղաքակիրթ աշխարհում ընդունված ստանդարտները, ազատի ցավից իր հազարավոր քաղաքացիներին։
***
Տեղեկանք
Պետք է հստակ ընդունենք մեկ բան. ժամանակակից բժշկագիտությանը հայտնի ցավազրկման տարբեր եղանակներից «ոսկե ստանդարտ» է համարվում ափիոնային խմբի ցավազրկողներն, իհարկե, ցավի որոշակի աստիճանից հետո։ Յուրաքանչյուր օր Հայաստանում 2500 մարդ ունի ցավազրկման կարիք ափիոնային ցավազրկողներով։ Երկիր ներմուծվող ափիոնային խմբի ցավազրկողների քանակը բավարար է միայն օրեկան 250 մարդու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն տալու համար։ 

No comments:

Post a Comment